Քաղբանտարկյալները(ակցի Հյուսիսային պողոտայում) Նորություններ:

13.01.2009թ.
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «7-Ի ԳՈՐԾԻ» ՄԱՍԻՆ

Հունվարի 13-ին տեղի ունեցավ յոթ քաղբանտարկյալների գործով դատավարության հերթական նիստը։ Այն նույնպես արժանացավ նախորդների ճակատագրին, այն է՝ դեռ չսկսված, քաղբանտարկյալների ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ, դատավորը հերթական անգամ այն հետաձգեց այս անգամ մինչեւ հունվարի 16-ը։ Քաղբանտարկյալների ոտքի չկանգնելն ըստ էության ձեւական պատրվակ է դատավարությունը չսկսելու համար։ Նույն դատավորը Մարտի 1-ի գործով մի քանի այլ դատավարություններ է անցկացրել եւ դատավճիռներ կայացրել, որոնց ընթացքում եւս մեղադրվողները նրա մտնելու պահին ոտքի չեն կանգնել, եւ նա դա չի «նկատել»։ Դեկտեմբերի 19-ին «7»-ի առաջին դատավարության ժամանակ նույնպես քաղբանտարկյալները ոտքի չկանգնեցին, ինչն ամենեւին չխանգարեց դատական նիստն սկսելուն։ Ավելին՝ տեղի ունեցավ բնականոն դատական նիստ, որի ընթացքում դատավարության կողմերը հնարավորություն ունեցան պատշաճ կերպով ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Նաեւ դատավորը որոշում ընդունեց, որով թույլ տվեց լրագրողներին անխափան ձեւով տեսագրել ու ձայնագրել նիստի ընթացքը։ Սակայն հենց առաջին օրվա փորձը ցույց տվեց, որ բնականոն ու բաց դատավարության ընթացքում վարչախումբը շատ արագ հայտնվում են իրական մեղադրյալի կարգավիճակում։ Նա չի կարող հանդուրժել նման մի դատավարություն, որը սպառնում էր մերկացնել մեղադրանքի շինծու լինելը եւ բացահայտել իրականությունը։ Հենց դա էր պատճառը, որ դատական հաջորդ երեք նիստերի ժամանակ, ահա, դատավորը կառչում է ոտքի չկանգնելու փաստին ու ամեն անգամ հետաձգում է նիստը՝ առանց այն սկսելու։ Դատավորի այսօրինակ վարքագծի պատճառը հետեւյալն է. «7»-ի դատավարության համար վարչախումբն ի սկզբանե ուներ մշակված սցենար, այն է՝ շատ արագ, մինչեւ ԵԽԽՎ լիագումար նիստը այն ավարտել եւ ունենալ դատավճիռներ, ուստիեւ դատավորը առաջին օրը «չնկատեց» ոտքի չկանգնելով դատարանին հասցված «անարգանքը»։ Առաջին նիստից հետո պարզ դարձավ, որ այդ ծրագիրը դատապարտված է ձախողման, իսկ դատավարությունը շուռ է գալու վարչախմբի դեմ։ Կազմվեց երկրորդ սցենարը, այն է՝ սադրանքներով անկարգություններ հրահրել դատարանի դահլիճում, փակ դատավարության որոշում կայացնել եւ նույն ծրագիրն իրականացնել փակ դռների ետեւում։ Այս ծրագիրը եւս, նախապես հայտնի դառնալով, խափանվեց քաղբանտարկյալների հարազատների ու ընկերների՝ դատարանի դահլիճ չմտնելու շնորհիվ։ Դրանից հետո դատավորին այլ բան չի մնում, քան պատրվակ բռնելով քաղբանտարկյալների ոտքի չկանգնելու հանգամանքը, արհեստականորեն հետաձգել նիստերը։ Մենք պահանջում ենք վերջ տալ դատական այս ֆարսին եւ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

2009-01-13
Hosted by uCoz